Երեկ մի «ոտքով» արձակուրդ գնացած պատգամավորներին ԱԺ «բերման» էին ենթարկել, որպեսզի արտահերթ ռեժիմով քննարկեն մի շարք կարևորագույն հարցեր: Տպավորությունն այնպիսին է, որ խորհրդարանը մեկ նստաշրջանի ընթացքում այդքան բուռն չի քննարկում ու քվեարկում հարցեր, որքան արտահերթ նիստերի ժամանակ: ԱԺ-ն չէր կարող գնալ «հանգստի», մինչև ԸՕ-ն «չամբողջացներ»: Սակայն ուշագրավն այն է, որ պատգամավորները քվեարկելու են մի օրենքի նախագիծ, որի կարևոր դրույթների կենսագործման համար դոնորների ֆինանսավորում է հարկավոր: Մինչ այս ընդդիմությունն ու իշխանությունը մեկ փաստաթղթի տակ են ստորագրել, որը քաղաքական համաձայնություն, թե կոնսենսուս կհամարվի, այս պահին այդքան էլ կարևոր չէ, էականը 16 մլն դոլար հայթայթելն է, որպեսզի ԸՕ-ի վերաբերյալ ընդդիմության առաջարկները կյանքի կոչվեն: ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ փաստում է` իշխանության և ընդդիմության միջև կոնսենսուս չկա:
-Փաստորեն, ընդդիմությանն ընդառաջ գնալու համա՞ր իշխանությունը որոշեց քաղաքական համաձայնության գալ, քանի որ կառավարությունը չի հերքում, որ շահագրգռված չէ դոնորներից ֆինանսավորում պահանջել ձեր առաջարկները կյանքի կոչելու համար:
-Ոչ թե հանուն ընդդիմության, այլ ազատ և արդար ընտրությունների: Այն, որ ո՛չ մենք, ո՛չ էլ հանրությունը վստահություն չունեն կառավարության հանդեպ, նորություն չէ: Նրանք պնդելու են, որ երբեք ընտրություն չեն կեղծել, հիմա էլ չեն կեղծելու, իսկ հանրությունն այլ կարծիքի է: Չեմ կարծում՝ ինչ-որ մեկը հավատում է նրանց, ոչ թե մեր պնդումներին: Խոսքն այն մասին է, որ անհրաժեշտ է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք իսկապես կերաշխավորեն ազատ և արդար ընտրություններ:
-Հավատո՞ւմ եք, որ կառավարությունը ջանք կգործադրի այդ գումարները բերելու և արդար ընտրություններ անցկացնելու:
-Մենք ոչ մի բանի չենք հավատում, ինչ էլ ուզում ենք, փորձում ենք ինքներս դրան հասնել: Այս ճանապարհին արդեն էական առաջխաղացում կա: Հասել ենք այն բանին, որ «փակված» ԸՕ-ն «բացել» ենք տվել, կոտրել ենք նրանց դիմադրությունը, կշարունակենք կոտրել: Ամեն ինչ կանենք, որ հաջողենք:
Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ